Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի վերջին խաղում Հայաստանի չեմպիոն` «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկի ընդունեց Արմավիրի մարզը ներկայացնող` «Սարդարապատ»-ին: Նախորդ մրցափուլում` «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ 2:0 հաշվով, «Սարդարապատը» արտագնա խաղում պետք է մրցեր «Փյունիկի» հետ, որն հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառով:
«Արարատ-Արմենիա»-ն ձախ եզրով գրոհ կազմակերպեց և հանդիպման յոթերորդ րոպեին` Ժիրայր Շաղոյանը խոցեց Գոռ Մատինյանի պաշտպանած դարպասը (1:0), խփելով իր առաջին գոլը ընթացիկ մրցաշրջանում:
«Սարդարապատը» պարտվողի դերում հայտնվելիս սկսեց ակտիվ ֆուտբոլ ցուցադրել և հանդիպման 22-րդ րոպեին Լևոն Պետրոսյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը (1:1), վերջինս իր գոլերի թիվը հասցրեց երեքի ընթացիկ մրցաշրջանում:
Երկրորդ խաղակեսում` «Արարատ-Արմենիա»-ն ուներ վտանգավոր պահեր, բայց չկարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Այսպիսով Հայաստանի գործող չեմպիոնը ոչ-ոքի ավարտեց` «Սարդարապատի» հետ հանդիպումը և վաստակած տասը միավորով զբաղեցնում երկրորդ տեղը Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում, «Սարդարապատը» յոթ միավորով եզրափակում է լավագույն հնգյակը:

Հավելենք «Սարդարապատի» հետ մրցավեճում «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանը հայաստանյան կարիերայում պաշտոնական մրցումներում անցկացրեց իր հոբելյանական՝ 2️⃣5️⃣0️⃣-րդ խաղը: Բոլոր խաղերում նա խաղադաշտ է դուրս եկել հարազատ ակումբի մարզաշապիկով: Այդ ցուցանիշով Արմեն Համբարձումյանն «Արարատ-Արմենիայի» ռեկորդակիրն է:
Ըստ sportsworld.am-ի` «Արարատ-Արմենիա»-ն դիմել էր ռոտացիայի և չկարողացավ կոտրել Արմավիրի մարզը ներկայացնող ակումբի դիմադրողականությունը Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի` «Ունիվերսատատեա Կրայովա»-ի հետ պատասխան հանդիպումից առաջ, որը կկայանա օգոստոսի 27-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: