SPORTSWORLD.AM

ՈՒԵՖԱ-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ «ՆՈԱ»-Ի ՄԱՍԻՆ

18 հունիսի 2026 | 00:20:19 | 63

-ի պաշտոնական կայքը լայնածավալ հոդվածով անդրադարձել է Հայաստանի գործող գավաթակիր` «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր ակադեմիայի բացմանը՝ ընդգծելով դրա բացառիկ կարևորությունը Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում:

«Նոայի» նոր ակադեմիան և ուսումնամարզական բազան կոչված են ամրապնդելու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղիները Հայաստանում՝ ապահովելով գերժամանակակից պայմաններ և նոր հնարավորություններ ապագա սերնդի համար։

«Սա մեզ համար սովորական օր չէ։ Սա նոր երազանքի սկիզբն է»,- նոր ֆուտբոլային կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը։

Լինելով հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքներում երբևէ արված ամենախոշոր ներդրումներից մեկը՝ կենտրոնը նշանակալի իրադարձություն է ինչպես ակումբի, այնպես էլ երկրում ֆուտբոլի զարգացման համար՝ արտացոլելով տեղի տաղանդների բացահայտման և զարգացման երկարաժամկետ տեսլականը։

 նախատեսված է ինչպես գլխավոր, այնպես էլ պատանեկան թիմերի սպասարկման համար։ Այն ներառում է ժամանակակից հանդերձարաններ, վերականգնողական գոտիներ, բժշկական և մերսման սենյակներ, ընդարձակ ֆիթնես կենտրոն, ուսումնամարզական հավաքների համար նախատեսված բարձրակարգ կացարաններ, ինչպես նաև ֆուտբոլիստների կրթությանն ու զարգացմանն աջակցող հատուկ տարածքներ։

 

Բացման արարողությունը համախմբել էր  ֆուտբոլային հանրության և այլ ոլորտների ներկայացուցիչներին։ Պատվավոր հյուրերի շարքում էր նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդ, ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային հարցերով խորհրդական Լուիշ Ֆիգուն։

Վերջին տարիներին հայկական ֆուտբոլը շարունակում է էվոլյուցիա ապրել՝ շնորհիվ զանգվածային նախաձեռնություններում և մանկապատանեկան կառույցներում ավելացող ներդրումների։ Ժամանակակից ակադեմիաներն այսօր առանցքային դեր են խաղում այնպիսի միջավայրի ստեղծման գործում, որտեղ երիտասարդ խաղացողները վաղ տարիքից կարող են զարգանալ տեխնիկապես, ֆիզիկապես և հոգեբանորեն։

 

«Նոայի» համար այս տեսլականը շատ ավելին է, քան պարզապես կարճաժամկետ հաջողությունը։

 

«Այն ամենը, ինչ մենք կառուցում ենք, հիմնված է երազանքի շուրջ համախմբվելու մեր փիլիսոփայության վրա,- հավելել է Վարդանյանը:

«Մեր նպատակները հստակ են՝ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում և եվրոպական չափանիշների ներդրում Հայաստանում»։

Առանցքային է նաև այն, որ ակադեմիան աջակցելու և ընդլայնելու է զարգացման ուղիները ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների ֆուտբոլի համար՝ ստեղծելով ավելի լայն հնարավորություններ ու ամրապնդելով հայկական ֆուտբոլի հիմքերը։

«Նոայի» զարգացման գծով տնօրեն Աննա Օհանյանը նախագիծը բնութագրել է որպես ապագա հաջողությունների կերտման դարբնոց.

«Այս մարզաբազան մենք անվանել ենք «Չեմպիոնների տուն», քանի որ անկեղծորեն հավատում ենք՝ չեմպիոնները պետք է ծնվեն ճիշտ միջավայրում և ճիշտ պայմաններում։ Սա բարձրակարգ ֆուտբոլային ենթակառուցվածք է։ Մենք եղել ենք եվրոպական բազմաթիվ մարզաբազաներում, և կարող եմ վստահեցնել, որ նույնիսկ եվրոպական մի շարք թոփ-ակումբներ չունեն այսպիսի պայմաններ»։

 

Նախագծի կարևորությունն ու մասշտաբներն ընդգծել է նաև Լուիշ Ֆիգուն, ով բարձր է գնահատել ներդրումների ծավալն ու դրա հնարավոր ազդեցությունը հայկական ֆուտբոլի ապագայի վրա։

«Կարծում եմ՝ սա պարզապես ակադեմիա չէ, սա երազանքի սկիզբ է շատ ու շատ երեխաների համար,- նշել է Ֆիգուն:- Այն, ինչ դուք կառուցում եք այստեղ ոչ միայն «Նոայի», այլև ողջ երկրի համար, արժանի է բուռն ծափահարությունների»։

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Նոա Պարկ» մեծամասշտաբ նախագծի շնորհանդեսը: Այն նախատեսվում է կառուցել Վաղարշապատ քաղաքում և նպատակ ունի միավորել սպորտը, կրթությունը և հանրային ժամանցի վայրերը մեկ ընդհանուր ֆուտբոլային էկոհամակարգում։

Այս երկարաժամկետ տեսլականն ապացուցում է «Նոայի» հավակնությունը՝ ոչ միայն կառուցել հաջողակ ֆուտբոլային ակումբ, այլև իր անմիջական նպաստը բերել Հայաստանում ֆուտբոլի և երիտասարդության ապագա աճին։

Ամբողջ երկրի հարյուրավոր պատանի ֆուտբոլիստների համար «Նոայի» նոր ակադեմիան ոչ միայն նոր ենթակառուցվածք է, այլև հրաշալի մի ճանապարհորդության սկիզբ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: