Աշխարհի 2026 թվականի առաջնության մեկնարկային տուրում իսկական անակնկալ գրանցվեց. մրցաշարի նորեկ, Աֆրիկան ներկայացնող Կաբո Վերդեի հավաքականը կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը 2010 թվականի աշխարհի չեմպիոն Իսպանիայի ընտրանու դեմ խաղում:
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը խաղադաշտ էր դուրս եկել ընտրական փուլի տպավորիչ վիճակագրությամբ: Հիշեցնենք, որ եվրոպական գոտու որակավորման փուլում իսպանացիներն անցկացրած 6 խաղում հավաքել էին 16 միավոր և E խմբում զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ թողնելով անպարտելի թիմի տպավորություն (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Ընտրական փուլի իսպանական գլխավոր ուժերը՝ Միկել Մերինոն, Միկել Օյարսաբալը, Պեդրին և Ֆեռան Տորեսը, այս անգամ ստիպված էին բախվել աֆրիկյան ամուր պաշտպանությանը:
Առաջին 45 րոպեների ընթացքում Իսպանիան ուներ ընդգծված առավելություն: Հատկապես խաղակեսի վերջնամասում «Լա Ռոխան» մեծացրեց ճնշումը և մի քանի վտանգավոր հարվածներ հասցրեց մրցակցի դարպասին, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց դարպասային գծից այն կողմ: Առաջին կեսի վիճակագրությունն ինքնին խոսուն էր. Իսպանիան կատարեց 13 հարված, մինչդեռ նրանց մրցակիցը պատասխանեց ընդամենը 3 փորձով:
Կաբո Վերդեի հավաքականը (մականունը՝ «Կապույտ շնաձկներ») ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչու է համարվում աֆրիկյան ֆուտբոլի ամենաարագ զարգացող թիմերից մեկը: Մոտ 600,000 բնակչություն ունեցող կղզեխմբային այս երկիրն արդեն իսկ սենսացիա էր հեղինակել՝ CAF որակավորման D խմբում շրջանցելով հզոր Կամերունին և պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Աշխարհի առաջնության ուղեգիր: Հատկանշական է, որ ընտրական փուլում նրանք սեփական հարկի տակ անցկացրած 5 խաղում հաղթել էին՝ բաց չթողնելով ոչ մի գոլ, և այդ պաշտպանական ամրությունը տեղափոխեցին նաև ԱԱ-2026-ի հիմնական փուլ:
Հանդիպման մեկնարկային կազմում անակնկալ էր կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալի բացակայությունը: Թեև գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն նախքան խաղը հավաստիացրել էր, որ պատանի տաղանդին երկրպագուները անպայման կտեսնեն խաղադաշտում, նրա բացակայությունը մեկնարկային րոպեներին զգացնել տվեց:
Դրամատիկ վերջնամաս. 66-րդ րոպեից հետո
Երկրորդ խաղակեսում Իսպանիայի ընտրանին փոխեց տակտիկան և անցավ իրեն բնորոշ ավելի ակտիվ ու համակցված ֆուտբոլի: Խաղադաշտում կատարված փոփոխություններից հետո հանդիպման տրամադրվածությունը լիովին փոխվեց: Միայն երկրորդ կեսի ընթացքում՝ մինչև 66-րդ րոպեն, նոմինալ տանտերերն արդեն հասցրել էին կատարել հինգ հարված:
Հանդիպման հիմնական ժամանակի վերջին 20 րոպեներին Իսպանիան կազմակերպեց իրական գրոհների հեղեղ: Նրանք արեցին հնարավոր և անհնարինը՝ մրցակցի պաշտպանական պատնեշը ճեղքելու և հաշվի մեջ առաջ անցնելու համար, սակայն Կաբո Վերդեի անկոտրում կամքն ու կազմակերպված պաշտպանությունը թույլ տվեցին նրանց պահպանել թանկարժեք ոչ-ոքին: Հյուրերն հանդիպման ավելացված ժամանակում անակնկալ մատուցեցին Յամալին և խաղընկերներին գրոհելով` Ունայ Սիմոնի պաշտպանած դարպասին, սակայն 29-ամյա դարպասապահը իր տեղում էր:
Այսպիսով, Աշխարհի առաջնության մեկնարկում Իսպանիան կորցնում է կարևոր միավորներ գոլազրուկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը, իսկ Կաբո Վերդեն շարունակում է գրել իր ֆուտբոլային հեքիաթը: