SPORTSWORLD.AM

ԱԱ 2026. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄՈՒՆԴԻԱԼ 2026 ՈՒՄ

17 հունիսի 2026 | 01:14:40 | 73

Աշխարհի 2026 թվականի առաջնության մեկնարկային տուրում ֆուտբոլասերներն ականատես եղան սպասված և սկզբունքային դիմակայության։ I խմբի շրջանակում ուժերը չափեցին աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը՝ Ֆրանսիան, և Աֆրիկայի ամենաանկանխատեսելի թիմերից մեկը՝ Սենեգալը։ Հանդիպումն արդարացրեց բոլոր սպասելիքները՝ պարգևելով դրամատիկ սյուժե, վիճահարույց դրվագներ և պատմական ռեկորդ։

2002-ի հանգույն. Սենեգալի անակնկալը առաջին խաղակեսում

Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է 2002 թվականի Աշխարհի առաջնության բացման խաղը, որտեղ Սենեգալը սենսացիոն հաղթանակ էր տարել գործող չեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ։ Պատմությունը կարծես պատրաստվում էր կրկնվել հանդիպման առաջին 45 րոպեներին։

Դիդյե Դեշամի գլխավորած ընտրանին, որը եվրոպական որակավորման փուլն անցել էր բացառիկ վստահությամբ (I խմբի 1-ին հորիզոնական, ոչ մի պարտություն), առաջին կեսում բախվեց «Տերանգայի առյուծների» կազմակերպված դիմադրությանը։ Պապ Տիավի սաները, ովքեր աֆրիկյան ընտրական փուլում 10 խաղում բաց էին թողել ընդամենը 3 գնդակ, կարողացան լիովին կաշկանդել Կիլիան Մբապեին ու խաղընկերներին։ Ավելին՝ առաջին խաղակեսում սենեգալցիները խաղային որակներով և գրոհների սրությամբ ավելի լավ տեսք ունեին, քան հռչակավոր մրցակիցը։

Մարզչական հանճարն ու վիճահարույց դրվագը

Ըստ sportsworld.am պարբերականի՝ ամեն ինչ փոխվեց ընդմիջմանը։ Դիդյե Դեշամը, ում համար, ըստ շրջանառվող լուրերի, սա վերջին խոշոր մրցաշարն է հավաքականի ղեկին (նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն Զինեդին Զիդանն է), կարողացավ ճիշտ խոսքեր գտնել իր տղաներին ոգևորելու համար։ Երկրորդ խաղակեսում Ուսման Դեմբելեն և ընկերները խաղադաշտ դուրս եկան բոլորովին այլ տրամադրվածությամբ։

Խաղը վերածվեց երկկողմանի սուր գրոհների, որոնցից մեկի ժամանակ Սենեգալի տուգանային հրապարակում կոպիտ կոնտակտ գրանցվեց Կիլիան Մբապեի հետ։ Թեև դրվագն ուներ բոլոր հիմքերը 11-մետրանոց հարված նշանակվելու համար, հանդիպման գլխավոր մրցավարը որոշեց սահմանափակվել միայն ազատ հարվածով։

Մբապեի պատմական գոլն ու դրամատիկ վերջնամասը

Այս միջադեպը միայն բորբոքեց ֆրանսիացիների գրոհների կրակը։ Հանդիպման 66-րդ րոպեին Կիլիան Մբապեն ի վերջո ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և բացեց հաշիվը՝ 1:0։ Սա Մբապեի 57-րդ գոլն էր ազգային թիմի կազմում, որով նա հավասարվեց Օլիվիե Ժիրուին՝ կիսելով Ֆրանսիայի հավաքականի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի տիտղոսը։ Ճնշումը շարունակվեց, և 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Բրադլի Բարկոլան կրկնապատկեց ֆրանսիացիների առավելությունը՝ 2:0:

Սակայն Սենեգալը հանձնվելու միտք չուներ։ Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին Իբրահիմ Մբայեն կրճատեց հաշվի տարբերությունը՝ արթնացնելով սենեգալյան հրաշքի հույսերը (2:1)։ Ֆրանսիացիների մոտ սկսված թեթև խուճապը, սակայն, վայրկյաններ անց հանդարտեցրեց նույն Կիլիան Մբապեն։ Նա ձևակերպեց դուբլ՝ հաշիվը դարձնելով 3:1 և իր 58-րդ գոլով միանձնյա գլխավորեց Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականը բարդ, բայց չափազանց կարևոր հաղթանակով է մեկնարկում ԱԱ 2026-ում՝ վաստակելով առաջին 3 միավորը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: