SPORTSWORLD.AM

ՀՖՖ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

18 օգոստոսի 2025 | 16:03:17 | 265

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (ՀՖՖ) հանդես է եկել հայտարարությամբ ԱԱ2026 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան Պորտուգալիա հանդիպման տոմսերի վերաբերյալ, որոնք չեն կարողացել գնել շատ երկրպագուներ: ՀՖՖ-ն հորդորում էր չգնել տոմսեր վերավաճառողներից:

«Հարգելի՛ երկրպագուներ, 

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: 

Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել: «Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14․000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ: 

 

Բնականաբար, շուրջ 463․000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել: 

Տոմսերի պաշտոնական վաճառքից դեռ ամիսներ առաջ համացանցում եղել են վաճառքի վերաբերյալ ՈՉ պաշտոնական հայտարարություններ, հիմա էլ ոմանք աստղաբաշխական գներով տոմսեր են վաճառում: 

Վերավաճառողների դեմ պայքարելու համար ՀՖֆ-ին խորհուրդ էին տալիս հանդիպման տոմսերը վաճառել 100․000-200․000 դրամ, բայց ՀՖՖ ռազմավարության հիմնական ուղղություններից է ֆուտբոլը որպես սոցիալական երևույթ ընկալելը։ Բնականաբար, տոմսերի նման թանկացում չէր կարող լինել: 

Տեղեկացնենք, որ 14․000 նստատեղով ստադիոնի մոտ 7․000 տոմս վաճառվել է շատ մատչելի՝ 1000-3000 դրամ: Շուկայում այժմ այս տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ: 

ՀՖՖ-ի վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: Այս դեպքում ևս կարող է լինել բողոքի մեծ ալիք, որի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի:

Հարգելի՛ ֆուտբոլասերներ, 

ՀՖՖ-ն հորդորում է շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար: ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ կօգնենք, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այս բացասական երևույթը» - ասված Է ՀՖՖ տարածաց հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (ՀՖՖ) սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել էր օգոստոսի 14-ի վաղ առավոտյան:

 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ՀՖՖ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: