SPORTSWORLD.AM

Շուտով կլրանա 48 ժամ, ինչ երկրպագուները ձեռբակալված են. «Ռեդ Իգլս» ներկայացուցիչ

03 մարտի 2025 | 21:29:54 | 16

«Մեր ակցիաների ժամանակ հատուկ նպատակ չենք ունեցել սրացումների, ոստիկանության միջամտության: Ամբողջությամբ ֆուտբոլային բնույթ կրող ակցիան փորձ արվեց տարբեր հարթակներում ներկայացնել այլ ձեւով, ինչը չստացվեց: Մեր ակցիաները խաղաղ են:

 

Մարտի 1-ին Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում երկրպագուների՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայից հետո ոստիկանությունը ձերբակալել է 9 երկրպագու, որոնք այժմ գտնվում են ձերբակալման պահման վայրում: Շուտով կլրանա 48 ժամ, ինչ երկրպագուները ձերբակալված են:

 

«Այն որ, մեր ակցիաները չունեն ոչ մի քաղաքական կամ այլ բնույթ, ամբողջությամբ ֆուտբոլային են՝ ուղղված նորմալ ֆուտբոլ ունենալուն, վերածվեց ինչ-որ այլ բանի, փորձ արվեց տարբեր հարթակներում ներկայացվել այլ ձեւով: Կարծում եմ, որ այդ հարթակներին չի հաջողվում այլ ենթատեքստով ներկայացնել մեր ակցիաները, քանի որ բոլորը տեսնում են, թե դրանք որքան խաղաղ են: Գուցե մեր ակցիաները կառուցվածքային փոփոխությունների են ենթարկվում, բայց նպատակ չի եղել, որ հատուկ սրացումներ լինեն, ոստիկանությունը միջամտի: Մեր բոլորի պահանջը ամբողջ պայքարի սկզբից դրել ենք եւ դնում ենք՝ միանշանակ է:

 

Այս անգամ մի փոքր փոփոխություն եղավ այն, որ ավելի երկար մնացինք խաղադաշտում:

 

Ամբողջությամբ խաղաղ ֆուտբոլային ակցիան սկսվեց: Մենք ընկերական միջավայրում կանգնած էինք դաշտում, զրուցում էինք ֆուտբոլից եւ այլն, այդկերպ՝ իրականացնելով մեր ակցիան: Մոտեցան ոստիկանական ուժերը՝ իրենց գլխավորի գլխավորությամբ: Առաջարկեցին լքել խաղադաշտը: Մենք ներկայացրեցինք, թե ինչ ակցիա է, որ ամբողջությամբ խաղաղ է եւ պահանջում ենք ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը: Լքելու համար պահանջեցինք ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար անձնակազմից որեւէ մեկի հետ հանդիպում՝ քննարկելու իրավիճակը: Այդ ամենը որոշակի ժամանակ տեւեց եւ մեզ արդեն ասում էին՝ կամ դուրս եք գալիս կամ ոչ, եթե ոչ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացնում եւ հատուկ գործողությունների կգնան:

 

Այս պահին հավաքականի 9 երկրպագու գտնվում են ձերբակալվածների պահման վայրում ձերբակալվածի կարգավիճակում»: 

Լրագրողների հետ զրույցում ասել է` Հայաստանի ազգային հավաքականի «Ռեդ Իգլս» երկրպագուների շարժման ներկայացուցիչ` Անդրանիկ Դալդումյանը:

 

Նշենք որ երկրպագուները իրենց ակցիաները սկսել են իրականացնել ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: