Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան, թիմի ավագ` Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում:
Հայ ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրես» լրատվականի հետ զրույցում:
«Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված ու միշտ պատրաստ եմ ներկայացել: Մեր նորանշանակ մարզչից հետո հասկացա, որ գնալու ժամանակն է: Քանի որ իրոք փորձել եմ այդ մարդու հետ աշխատել ու չի ստացվել: Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք»,- ասել է Հարոյանը:
Վարազդատ Հարոյանը Հայաստանի ազգային ընտրանու կազմում իր նորամուտը նշել է 2011 թվականին, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 92 հանդիպման, դարձել 4 գոլի հեղինակ: Նա երկար տարիներ կրում էր թիմի ավագի թևկապը:
Լուսանկարը` ՀՖՖ
ՀԵՂԻՆԱԿ` ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ