«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, երբ նրան հարց է ուղղվել Մադրիդի «Ռեալի» հնարավոր ազդեցության մասին Լա Լիգայի առաջատարի վրա, ընդգծեց, որ «Բլաուգրանան» չի օգտագործում իր ակումբային հեռուստատեսությունը այնպես, ինչպես մայրաքաղաքային ակումբը։
«Մենք միշտ զգոն ենք ցանկացած իրավիճակի նկատմամբ, ինչպես բոլոր ակումբները։ Մի բան հաստատ է. մենք չենք օգտագործում մեր աուդիովիզուալ հարթակը մարդկանց համար շատ շփոթեցնող հաղորդագրություններ տարածելու համար», - Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչից առաջ, «սերուցքայինների» ակումբային հեռուստատեսությունը տեսանյութ հրապարակեց, որում քննադատում էր խաղը վարող մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեային՝ նշելով, որ իր կողմից վարած խաղերում «Բարսելոնան» ավելի հաճախ է հաղթել, քան մրցակիցները։ Բացի այդ, «Ռեալ Մադրիդի» հեռուստատեսությունը ցուցադրեց մի քանի ենթադրյալ մրցավարական սխալներ «բլանկոսների» մասնակցությամբ խաղերում։