Բարսելոնայի» թևային հարձակվող Լամինե Յամալը իր սոցցանցերի էջում գրառում է կատարել «Բլաուգրանա»-ի ճամբարում հայտնի 10 համարի մարզաշապիկը ստանալու կապակցությամբ: Նշենք, որ 10 համարի մարզաշապիկը ստանալու հետ մեկտեղ Յամալը կատալոնացիների հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2031 թվականի ամառը:

«Իմ համարը։ Իմ պատմությունը։ Իմ ճանապարհորդությունը։ x10», - լուսանկարներին կից գրել է Յամալը՝ ավելացնելով կապույտ և կարմիր սրտիկների էմոջիներ։
Բացի այդ, Յամալը փոխել է իր էջի լուսանկարը սոցիալական ցանցերում: Այժմ նրա էջի գլխավոր լուսանկարում Լամինի մեջքն է, որի վրա այրված տասնյակի տեսքով գրված է 10 թիվը:
Կատալոնական ակումբում 10 համարի մարզաշապիկի վերջին տերը իսպանացի Անսու Ֆատին էր ։ Նրանից առաջ հայտնի 10 համարի մարզաշապիկը պատկանել է Լիոնել Մեսսիին:
Անցած մրցաշրջանում Լամինեն անցկացրել է 55 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ընդհանուր առմամբ, իսպանացին դարձել է 18 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Կատալոնական ակումբի կազմում նա հաղթել է Լա լիգան, գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։