Պեպ Գվարդիոլան Բեռնարդո Սիլվային նշանակել է «Մանչեսթեր Սիթիի» նոր ավագ, մեկ օր անց այն բանից հետո, երբ պորտուգալացի կիսապաշտպանը խոստովանեց, որ այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել ակումբում, տեղեկացնում է ESPN-ը։
Գվարդիոլան սովորաբար թույլ է տալիս խաղացողներին և անձնակազմին քվեարկել ավագի օգտին, բայց այս անգամ նա որոշեց ինքն ընտրություն կատարել։ Սիլվայի հետ մեկտեղ նա նաև Ռուբեն Դիասին, Ռոդրիին և Էրլինգ Հոլանդին նշանակեց փոխավագներ։
Այս մրցաշրջանը կարող է Սիլվայի վերջինը լինել «Էթիհադում», քանի որ նա ակնարկել է, որ կարող է չերկարաձգել իր պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականը։ 30-ամյա ֆուտբոլիստը, որը «Սիթի» է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականին, կապվում է իր մանկության ակումբ՝ «Բենֆիկա» վերադառնալու հնարավորության հետ։
«Գիտեմ, թե ինչ եմ անելու, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Ես լիովին կենտրոնացած եմ «Մանչեսթեր Սիթիի» կազմում լավ հանդես գալու վրա։ Երբ ժամանակը գա, ամեն ինչ կասեմ։ Իմ պայմանագրում դեռ մեկ տարի կա, այնպես որ, շատ հնարավոր է, որ հաջորդ մրցաշրջանում հեռանամ։ Ես տարբերակներ ունեի և՛ անցյալ տարի, և՛ այս տարի։ Բայց հիմա իմ ընտրությունը «Սիթիում» մնալն է», - ասել է` Բեռնարդոն։
Գվարդիոլան ավագի թևկապի վերաբերյալ իր որոշումը բացատրեց հետևյալ կերպ.
«Այս մրցաշրջանում ես մարզիչն եմ, և իմ կարիերայում առաջին անգամ ես որոշեցի, թե ով կլինի թիմի ավագը։ Ինձ դուր չեկավ անցյալ մրցաշրջանում տեղի ունեցածը, ուստի այս անգամ ես ինքս որոշում կայացրի։ Երբեմն ուզում ես լինել գլխավորը, և ես որոշեցի ընտրել չորս ավագ։ Այս Աշխարհի առաջնությունից հետո, հնարավոր է, մենք ավելացնենք ևս մեկ կամ երկու ավագ»։
Սա Էրլինգ Հալանդի առաջին նշանակումն է որպես «Սիթիի» փոխավագ։ Հարձակվողը հունվարին ստորագրել է 10 տարվա պայմանագիր, և Գվարդիոլան կարծում է, որ նա ի վերջո կարող է դառնալ թիմի ավագ։
«Էրլինգը շատ երիտասարդ է, բայց նա պետք է սկսի հասկանալ, թե ինչ է նշանակում լինել ավագ, քանի որ, հուսով եմ, նա երկար ժամանակ կմնա այստեղ։ Վաղ թե ուշ նա կզբաղեցնի այս պաշտոնը», - ավելացրեց Պեպը։