SPORTSWORLD.AM

Պաշտոնական. Ալեքսանդր Միլկովիչը «Փյունիկ» ի ֆուտբոլիստ

17 հունիսի 2025 | 12:57:13 | 106

 «Փյունիկ» ՖԱ է վերադարձել սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:

 

Միլկովիչը Սերբիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկի՝ Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ (2008/09, 2010/11, 2011/12 և 2012/13 թթ.) դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի (2008/09 և 2010/11 թթ.) գավաթակիր։

 

«Պարտիզանի» կազմում Միլկովիչը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայի 2010/11, Եվրոպա Լիգայի 2012/13 և Կոնֆերենցիաների Լիգայի 2021/22 թթ․ խաղարկությունների խմբային փուլերում (Լիգայի փուլ):

 

35-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև սերբական «Տելեօպտիկ»-ի «Մետալաց»-ի պորտուգալական «Բրագա»-ի, խորվաթական «Սպլիտ»-ի, ռուսական «Ամկար»-ի և լեհական «Մեձ Լեգնիցայ»-ի կազմերում:

 

2019/20 թթ․ մրցաշրջանում փորձառու պաշտպանը ելույթ է ունեցել Երևանի «Ալաշկերտում»՝ մասնակցելով 14 հանդիպման։

 

2022 թվականի օգոստոսին Ալեքսանդր Միլկովիչը տեղափոխվել է «Փյունիկ» և 16-ակի չեմպիոնի  կազմում հանդես է եկել Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23 թթ. խաղարկության խմբային փուլում։ Սերբ պաշտպանն աստիճանաբար դարձել է «Նռնագույնների» պաշտպանության առանցքային ֆուտբոլիստներից։ Իր վերջին խաղը «Փյունիկում» նա անցկացրել է 2023 թվականի հուլիսի 27-ին, Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2-րդ փուլի շվեդական «Կալմարի» հետ (2:1) խաղում։

 

Ալեքսանդր Միլկովիչի նախորդ թիմը՝ Երևանի «Նոան» էր, որի կազմում խաղացել է նախորդ 2 տարիներին։ 2024/25 թթ. մրցաշրջանում նա «Նոայի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Լիգայի փուլում։

 

Միլկովիչը ժամանակին ելույթ է ունեցել նաև Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում և 5 հանդիպում է անցկացրել Սերբիայի երիտասարդական հավաքականում։

 

Sportsworld.am-ը բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Միլկովիչին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: