Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Ջոն վան'տ Սխիպը Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում Կոսովոյի ընտրանու հետ վաղը հունիսի 6-ին կայանալիք ընկերական հանդիպումից առաջ խոսել է թիմի առաջ դրված խնդիրների, Վրաստանի հավաքականից կրած պարտությունից վերականգնվելու եւ Հայաստանի առաջնության խաղամակարդակի մասին։
«Ուրախ ենք բոլոր այն ֆուտբոլիստներով, ովքեր հրավիրվել են հավաքական, բավական լավ հավաք ու նախապատրաստություն ենք անցել։ Բայց նաեւ գոհ եմ նրանով, որ կան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք եւս թակում են հավաքականի դռները։
Երբ մարտին ստանձնեցի հավաքականի ղեկը, մեր պայմանավորվածությունը ֆեդերացիայի հետ այն էր, որ Վրաստանի հետ խաղերն ու այս ընկերական հանդիպումները ԱԱ-2026 ընտրական փուլում Պորտուգալիայի եւ Իռլանդիայի դեմ նախապատրաստություն են լինելու։
Այդպես էլ մոտենում ենք ընտրական խաղերին, փորձելու ենք գնդակով ցույց տալ մեր ուզած ֆուտբոլը եւ բարելավել թիմի պաշտպանությունը, մարտին ինքներդ էլ տեսաք, որ այն լավ վիճակում չէր։
Միշտ դժվար է պարտություններից հետո տրամադրել ֆուտբոլիստներին, այն պատճառով, որ նրանք վերադառնում են իրենց ակումբներ։ Այս հավաքից առաջ մի քանի զանգեր եմ ստացել խաղացողներից։
Հավաքի ընթացքում վերլուծել ենք Վրաստանի հետ հանդիպումները, ոչ շատ մանրամասն, բայց այն դրվագների վրա ենք ուշադրություն դարձրել, որոնք կօգնեն բարելավել մեր խաղն ու առաջիկա հանդիպումներին ներկայանալ որպես ավելի լավ թիմ։
Միանգամից երեւում է, թե Էդուարդ Սպերցյանը որքան բարձրակարգ ու տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Նա Ռուսաստանում բավական ինտենսիվ խաղ է ցույց տալիս, բացի այդ էլ իր հետ շատ լավ էներգիա է բերել հավաքական։ Նա միավորում է տղաներին ու նրա ներկայությունը շատ կարեւոր է։ Բայց պետք է ամբողջ թիմը համապատասխանի այդ մակարդակին, նա միայնակ ոչինչ անել չի կարող։
Մի քիչ հիասթափված եմ, որ Լուկաս Սելարայանն այս անգամ որոշել է չմիանալ հավաքականին, քանի որ հանգստի մեկնելու կարիք ունի։
Հայաստանի առաջնությունում ինտենսիվությունը շատ ցածր է, իսկ խաղացողները հիմնականում այդ մրցաշարում են հանդես գալիս։ Նաեւ երիտասարդական մակարդակում է պետք բարելավել խաղային որակները, որպեսզի ապագայում ավելի լավ արդյունքի հասնելու հույս ունենանք»։
Հիշեցնենք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին
Լուսանկարը` ՀՖՖ