Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ` Սիմոնե Ինձագին հրաժարվել է գլխավորել «Ալ-Հիլալը», չնայած Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբներից մեկի հետաքրքրությանը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկացմամբ` «Ալ-Հիլալի» նախագահն անձամբ է մեկնել Միլան՝ 49-ամյա մասնագետի հետ բանակցություններ վարելու համար։ Սակայն համաձայնության չհասավ. Ինձագին հստակեցրեց, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում և չունի իրավիճակը փոխելու ծրագրեր։
Նշվում է, որ մարզիչը կենտրոնացած է Սերիա A-ում մրցաշրջանն ավարտելու վրա, որտեղ «Ինտերը» ներկայումս 78 միավորով երկրորդն է, ընդամենը մեկ միավորով զիջելով «Նապոլիին», և նաև պատրաստվում է Չեմպիոնների լիգայի եզրափակչին։