«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան` Ջոնաթան Տային ձեռք բերելու համար մղվող պայքարին ։ Այս մասին տեղեկացնում է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Կարմիր սատանաները» ցանկանում են գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ հաջորդ ամռանը։ Անգլիական ակումբն արդեն բանակցություններ է վարել Տայի հետ։ Ընդգծվում է, որ 29-ամյա պաշտպանով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Բավարիան»։
Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում գերմանացին անցկացրել է 46 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։