SPORTSWORLD.AM

Հայաստանի Հավաքականը լավագույնն է թիմային հաշվարկում

21 ապրիլի 2025 | 23:54:30 | 44

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը լավագույնն է:

Տղամարդիկ երկամարտի արդյունքով նվաճել են 7 մեդալ, երկու ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե մեդալ: Կանայք Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ երեք արծաթե մեդալ:

 

Մեր ծանրորդները նվաճել են ընդհանուր 27 մեդալ՝ 7 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե (երկամարտի արդյունքներով + փոքր մեդալ)։ Բոլոր մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանն առաջատարն է ԵԱ-ում։ Մեր հավաքականն առաջատարն է նաև երկարամարտի արդյունքներով նվաճած մեդալների ընդհանուր հաշվարկում՝ 10 մեդալ։

ԵԱ-ում ոսկե մեդալներ նվաճեցին Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը։

 

Լուսանկար` WFA

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն  եզրափակվեց գերծանր տղամարդկանց պայքարով: Այստեղ Հայաստանը կներկայացնում էր Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց միևնույնն է, նա զգալի՝ 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը փոքր ոսկի նվաճեց այս վարժությունում։ Հրում վարժությունում Լալայանը ևս նվաճեց փոքր ոսկին` 240 կգ արդյունքով, և երկու վարժություններում 450 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը։

 

 Լուսանկար` WFA

Հայաստանի  տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայում կայացած Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք: Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Առանձին վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 185 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 226 կգ:

 

 

 Լուսանկար` WFA 

 

Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացավ 406 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 181 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է այս վարժության արծաթե մեդալին: Հրում վարժությունում Մարտիրոսյանը 225 կգ արդյունքով դարձյալ արծաթե մեդալ է նվաճել:

 Լուսանկար` WFA

Հայաստանի  ներկայացուցիչ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում Հարությունյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ երեք հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 158 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Հարությունյանը միայն մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 185 կգ կշռող ծանրաձողը։

 Լուսանկար` WFA

Տղամարդկանց 73 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։ Իր համար նոր քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ և դարձավ բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 185 կգ և դարձավ նաև այս վարժության բրոնզե մեդալակիր։ Երկամարտում՝ 338 կգ ընդհանուր արդյունքով, Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

 

 

 Լուսանկար` WFA

Տղամարդկանց հավաքականի անդամ` Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց հաջորդաբար 165 կգ, 170 կգ և 173կգ: Այս վարժությունում Դավիթը դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց միայն 203 կգ: Այս ձևում ևս Դավիթը երրորդն էր: Երկամարտի 376 կգ արդյունքով` Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

 

 

Ապրիլի 14-ին տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Չոլակյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահեց 151 կգ: Այս ձևում Չոլակյանը 4-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով` Չոլակյանը առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում` դառնալով բրոնզե մեդալակիր:

 

102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը անմասն են մնացել մեդալներից։ Աղանյանը երկամարտի 380 կգ (175+205) արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Պետրոս Պետրոսյանը երկամարտում ցույց է տվել 370 կգ արդյունք (165+205 կգ) և զբաղեցրել է 5-րդ տեղը։

 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը պոկում և հրում վարժություններում ոչ մի հաջող մոտեցում չի ունեցել:

Աբրահամյանն իր նորամուտն է նշել մեծահասակների առաջնություններում:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

 

 Լուսանկար` WFA

 Կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը, և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը։ Ի դեպ, Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի: Ալեքսանդրան պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս քաշային կարգում մեր ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 88 կգ, 90 կգ: Այս ձևում Յայլյանը 5-րդն էր: Հրում վարժությունում Իզաբելլան բարձրացրեց միայն 103 կգ: Հրում վարժությունում նա 8-րդն է: Երկամարտում մեր ծանրորդը գրանցեց 193 կգ և գրավեց 6-րդ տեղը:

 

 Լուսանկար`WFA

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի հաղթող, աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին արժանացել է երկամարտի 246 կգ արդյունքով։ 22-ամյա Գյուրջյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումները և 106 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Հրում վարժությունում դարձյալ 3 հաջող մոտեցմամբ գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել։ Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Նա հաջող է կատարել բոլոր 3 մոտեցումները, գլխավերևում պահել է նախ 102, ապա 106 և 110 կգ կշռող ծանրաձողերը։ Երկամարտում նա միայն 4-րդն էր։

 

 

 Լուսանկար` WFA

 

Ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը պոկեց 95 կգ: Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով` Միլենան 6-րդն է:

 

Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Թումասյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց` 90 կգ, 95 կգ, 98 կգ: Հրումում Մերին բարձրացրեց 110 կգ ու 116 կգ: Երկամարտի 214 կգ արդյունքով Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է: Ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ջուլիետա Ավանեսյանը, պոկում վարժությունում բարձրացրեց 80 կգ և 86 կգ: Հրումում Ջուլիետա Ավանեսյանը հրաժարվեց հետագա պայքարից` մեջքի վնասվածքի պատճառով:

 

Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին, կանանց 81 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը և պատանիների Եվրոպայի չեմպիոն Մարգարիտա Առաքելյանը: Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 100 կգ: Հրումում Էմման բարձրացրեց միայն 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում: Կանանց 81 կգ քաշայինների խայքարում մեր մյուս ներկայացուցիչ՝ Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 91 կգ և 95 կգ: Հրումում նա բարձրացրեց 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայում 10-րդն է:

 

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: