Հայաստանի ազգային հավաքականի և ՌՊԼ-ն ներկայացնող` «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը առաջիկա ամռանը կարող է համալրել Միլանի «Ինտերի» կազմը: Տեղեկացնում է RB Sport-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ միլանյան գրանդը տևական ժամանակ հետևում է 24-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին և պատրաստվում է առաջարկ անել «ցլերին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Նշվում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունը խորհրդակցել է թիմի հայ կիսապաշտպան` Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Էդուարդ Սպերցյանի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։
Մխիթարյանը խորհուրդ է տվել պայմանագիր ստորագրել նրա հետ, որը ապագայում կարող է փոխարինել իրեն «Ինտերում», ինչպես որ փոխարինեց ազգային թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը հայ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։