Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան` Էդուարդո Կամավինգան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում։ Սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆրանսիացու համար թեժ պայքար կմղեն «Չելսին» և «Լիվերպուլը»։
Ներկայումս երկու ակումբներն էլ փորձում են կապ հաստատել Կամավինգայի ներկայացուցիչների հետ, ընդ որում՝ նշվում է, որ տրանսֆերային մրցավազքում մերսիսայդյան ակումբն ունի որոշակի առավելություն:
«Արքայական» ակումբն իր հերթին պատրաստ է դիտարկել 23-ամյա կիսապաշտպանի տեղափոխության վերաբերյալ առաջարկները, սակայն սահմանել է հստակ ֆինանսական պայման. գործարքի արժեքը չպետք է պակաս լինի 50 միլիոն եվրոյից։
Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Նա «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը ֆրանսիական «Ռենից»՝ 31 միլիոն եվրոյի դիմաց։
Հավելենք նաև, որ ծագումով անգոլացի ֆուտբոլիստը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում մինչ օրս անցկացրել է 28 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։