Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն` Նազիկ Ավդալյանը պաշտոնական պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով վերջին շրջանում իր անվան շուրջ պտտվող խոսակցություններին և քաղաքական հնարավոր նկրտումների վերաբերյալ շահարկումներին։ Խոսակցությունների ալիքը բարձրացել էր հատկապես նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո։
Անվանի մարզուհին իր ֆեյսբուքյան էջում կտրականապես հերքել է քաղաքականություն մուտք գործելու մասին լուրերը՝ հստակեցնելով իր ներկայիս գործունեության ուղղվածությունը։
«Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ուղիղ ինձանից։ Դուք այդ լուրը չեք իմանա սուտ աղբյուրներից»,- նշել է Ավդալյանը՝ ընդգծելով, որ այս պահին նման մտադրություն չունի։
Ավդալյանը հայտնել է, որ իր ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացած են բացառապես հասարակական գործունեության վրա։ Նա իրականացնում է նախագիծ, որի նպատակը մարզերում սպորտի մասսայականացումն է։
«Նախագիծն ունի հստակ նպատակ՝ ստեղծել հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար զբաղվել սպորտով, զարգացնել առողջ կենսակերպը և ուժեղացնել մարզական ենթակառուցվածքները մարզերում»,- գրել է չեմպիոնը՝ հավելելով, որ նման լայնածավալ նախաձեռնությունները, բնականաբար, պահանջում են նաև պետական աջակցություն։
Նազիկ Ավդալյանը կոչ է արել չհավատալ կեղծ էջերին և «սուտ մամուլին»՝ նշելով, որ ինքը զբաղված է իր գործով։ Նա նաև հորդորել է իր գործունեության մանրամասներին ծանոթանալու համար հետևել «Nazik Avdalyan Foundation»-ի պաշտոնական էջին։