Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հաջող արդյունքներ է գրանցել: Մրցումային օրվա ընթացքում մեր ընտրանու երեք անդամ նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր։
67 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ է տարել ղրղզ մրցակցի նկատմամբ։
Հաջողությունը զարգացրել է 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, ով մրցավարների 4։1 որոշմամբ առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող մարզիկի նկատմամբ։
Քառորդ եզրափակչի երրորդ ուղեգիրը նվաճել է 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինս տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել Ավստրալիայի մեկ այլ ներկայացուցչի։
Ցավոք, պայքարից դուրս է մնացել 67 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանը, ով զիջել է իր ուզբեկ մրցակցին։
Այսօր ռինգ դուրս կգան և պայքարի մեջ կմտնեն նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը և 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։