Խաբի Ալոնսոյի դիրքը «Ռեալ Մադրիդում» գնալով ավելի անկայուն է դառնում՝ թիմի որոշ խաղացողների շրջանում դժգոհության աճի մասին լուրերի պատճառով, հայտնում է` «indykaila New»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալոնսոն պատրաստ է ստանձնել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը, եթե ակումբը դիմի նրան։ «Լիվերպուլի» գործադիր տնօրեն` Մայքլ Էդվարդսը վաղուց բարձր է գնահատել Ալոնսոյին և նրան համարել Յուրգեն Կլոպին փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկը, այն բանից հետո, երբ ակումբը հայտարարեց նրա հեռանալու մասին։ Սակայն Ալոնսոն այնուհետև ընտրեց «Ռեալ Մադրիդը» և մերժեց «Էնֆիլդ» վերադառնալու տարբերակը։
Արնե Սլոթը մինչև հունվար ժամանակ ունի թիմի վատ արդյունքները շտկելու համար։ Եթե իրավիճակը շարունակվի, հնարավոր է, որ Ալոնսոն հայտնվի Պրեմիեր լիգայում, այս անգամ որպես գլխավոր մարզիչ։
Նշվում է, որ եթե Ալոնսոն հեռանա, «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը կարող է ժամանակավորապես թիմի ղեկավարի պաշտոնում վերադարձնել Զինեդին Զիդանին ։
Հիշեցնենք, որ երեկ ամենահեղինակավոր աղբյուրներից մեկը՝ «The Athletic»-ը, հաղորդել էր, որ Վինիսիուսը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ՝ Ալոնսոյի հետ կոնֆլիկտի պատճառով: Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մարզչի և «Ռեալ Մադրիդի» խաղացողների միջև հարաբերությունները շատ բան են թողնում ցանկալիի, քանի որ խաղացողները մերժել են Խաբիի որոշ մարտավարական որոշումներ: