Կատալոնական «Բարսելոնան» տեղեկություններ է հավաքում Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող` Հարրի Քեյնի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ : Sport.es-ի փոխանցմամբ՝ անգլիացին լավատեսորեն է տրամադրված Իսպանիա հնարավոր տեղափոխության հարցում:
Աղբյուրի տեղեկացմամբ` 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նշված 65 միլիոն եվրո հրաժարագնի կետը կգործարկվի 2026 թվականի ամռանը։ «Բլաուգրանան» կարող է Քեյնին ձեռք բերել 37-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինելու համար։ Ընդգծվում է, որ Անգլիայի հավաքականի ավագի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունը կախված կլինի կատալոնական ակումբի ֆինանսական վիճակից։
«Բլաուգրանայից» զատ Քեյնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Տոտենհեմը», որը ցանկանում է վերադարձնել խաղացողին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։
Քեյնը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 22 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 75.000.000€։